Լող


Մարզական լող
Հայ ժողովրդի պատմական անցյալում լողալու հմտությունը բարձր է գնահատվել։ Լողի գործնական օգտագործման լավագույն ապացույցներ կարող են հանդիսանալ մեր ժողովրդի մշակույթում տեղ գտած բազմաթիվ տվյալները։ Այդպիսի փաստերի մենք հանդիպում ենք հայ ժողովրդի կենցաղում, սովորություններում, ժողովրդի լավագույն ցանկություններն արտահայտող աշխարհիկ բանահյուսություններում (լեգենդներում, հեքիաթներում, առասպելներում)։ Հին պատմիչների տարեգրությունը, պատմական զանազան աղբյուրները վկայում են այն մասին, որ լողը կիրառվել է թե՜ առօրյա կյանքում և թե՜ ռազմական գործում։ Այսպես, օրինակ, մեր թվարկության առաջին դարի պատմիչ Ստրաբոնի Հայաստան կատարած ուղևորության նյութերում, հին և միջնադարի պատմաբաններ ու ստեղծագործողներ Ագաթանգեղոսի (3-րդ դար), Եղիշեի (4-րդ դար), Փարպեցու, Ասողկանի, Մխիթար Գոշի և այլոց գործերում։ Սակայն անցյալում լողը մարզական, դաստիարակչական բնույթ չի կրել։ Կիրառական նշանակությունից բացի լողը, որոշ իմաստով եղել է և զվարճության միջոց, որից օգտվել են ոչ բոլորը։ Լողի զարգացմանն ու մասսայականացմանը չէին կարող նպաստել Հայաստանի աշխարհագրական դիրքը, ջրային միջավայրերի սակավությունը, լեռնային արագահոս և քարաշատ գետերը։ 18-19-րդ դարերում կառուցված Երևանի Թոխ-մախ գյուղը և Էջմիածնի ջրավազանը հնարավորություններ տվեցին մարդկանց լողալու համար։ Սակայն համաձայն եղած տեղեկությունների, լողալն այդ վայրերում այնքան էլ չէր խրախուսվում և նույնիսկ արգելվում էր որոշ նկատառումներով (ապահովման, կրոնական)։ Չնայած անբարենպաստ պայմաններին և հնարավորությունների բացակայությանը, որոշ առաջավոր մտավորականներ իրենց դրական վերաբերմունքն են ունեցել լողի նկատմամբ։ Հայ մեծ լուսավորիչ և մանկավարժ Խաչատուր Աբովյանն առաջինն էր, որ լողը դիտեց որպես երեխաների դաստիարակության, հանգստի ու հաճույքի միջոց և գործնականորեն փորձ կատարեց այն երաշխավորել դպրոցների համար։ Այդ հիանալի նախաձեռնությունը, դժբախտաբար, իր ժամանակին արձագանք ու տարածում չգտավ Հայաստանի դպրոցներում։ Առաջին միջոցառումներն անցկացվում են Թոխմախ գյուղում, Զանգու, Հրազդան գետի վրա և այլ ջրային տեղանքներում, փաստորեն դա ժողովրդական լողաոճերի մրցույթ էր։ 1928-29 թթ. պարբերական մամուլում երևան են գալիս առաջին հոդվածները լողի առողջապահական և մարզական նշանակության մասին (Ա. Մուսայելյան, Մինգարդ)։ Այդ տարիներին էլ սկսվում է Հայաստանում անդրանիկ, արհեստական 50x20 մետր չափսերի «Սպարտակ» մարզական ընկերության լողավազանի շինարարությունը, որը հիմնականում կառուցվում էր շաբաթօրյակների օգնությամբ։ 1928 թվականին շարք է մտնում Ղարաքիլիսայի (Կիրովական) սանատորիայի լողավազանը։ 1930-ական թվականներից սկսվում են Հայաստանի լողորդների կապերը անդրկովկասյան և միության այլ քաղաքների լողորդների հետ։ Այդ տարվա ամռանը կազմակերպվում են մարզական սեմինար պարապմունքներ, որոնք վարում էին Մոսկվայից հրավիրված մարզական լողի մասնագետները։ 1930 թվականի օգոստոսի 16-ին Երևանի նորակառույց ամառային լողավազանում անցկացվում են մարզական լողի ցուցադրական մրցումներ, որին մասնակցում էին մոտ 50 մարդ։ Այստեղ առաջին անգամ մի շարք լողորդներ լողանում էին մարզական լողաոճերի տեխնիկա ցուցադրելով։ Մարզական լողի աշխատանքները որոշ չափով աշխուժանում են 1931 թվականին մարզական կյանք մտած ՊԱՊ-ի համալիրի շնորհիվ, որի ծրագրում լողը պարտադիր նորմատիվ էր համարվում։ 1933 թվականի սեպտեմբերի 19-ին սկսվում է Հայաստանի «Ստրոիտել» մարզական ընկերության սպարտակիադայի ծրագրով նախատեսված լողի մրցումները։ Դա ըստ էության հանրապետության մարզական լողի առաջին պաշտոնական մրցումներն էին։ Այդ մրցումներին մասնակցում էին Երևանի, Լենինականի, Կիրովականի և Վաղարշապատի (Էջմիածին) մի խումբ լողորդներ։ Ազատ ոճի լողաոճում տղամարդկանց մեջ հանրապետության առաջին չեմպիոններ դարձան Գ. Խուդավերդյանը (1.29.0), կանանցից՝ 50 մետր լողատարածությունում Լ. Կավելդովան։ Անցկացվեց նաև 200 մետր ազատ ոճի կանանց, 400 մետր ազատ ոճի, թիկնալողի, ինչպես նաև 50 կռնակով լողի տղամարդկանց լողատարածությունները։ 1934 թվականից սկսած, անցկացվում են հանրապետության առաջնության մրցումները։ Այսպես, օգոստոսի 18-ին Երևանում կայացավ պատանիների Հայկական Հանրապետության առաջնության մրցումները, իսկ օգոստոսի 30-ին Կիրովականում անցկացվեց մարզական լողի առաջնություն ֆիզկուլտուրայի կոլեկտիվների միջև։ Այս միջոցառումները զգալիորեն աշխուժացնում են լողի մարզական կյանքը Հայաստանում։ Սկսվում են լողի ուսումնամարզական աշխատանքները, հավաքագրվում են բազմաթիվ պատանի լողորդներ։ Այդ տարիներին մարզական լողով զբաղվողների թիվը հասնում էր մոտ 200-ի։ Ամռան ամիսներին, յուրաքանչյուր կիրակի անցկացվում էին լողի բաց մրցումներ, որտեղ ՊԱՊ համալիրի լողի նորմատիվները հանձնում են բոլոր ցանկացողները։ Աճում են նաև Հայաստանի լողորդների տեխնիկական արդյունքները։ Պատանիների շրջանում մարզական լողի աշխատանքները խրախուսելու նպատակով 1936 թվականից հանրապետության մեծերի և պատանիների մրցումներն անցկացվում են համատեղ։ 1934 թվականի օգոստոսի 23-25-ին երևանցի լողորդները սահմանեցին 13 հանրապետական ռեկորդ։ Այդ ժամանակաշրջանի լավագույն արդյունքների մասին են վկայում Գ.Խուդավերդյանի 50 մետր ազատ ոճի ցուցանիշը՝ 0.37 վրկ., որը անդրկովկասյան ռեկորդի կրկնությունն էր, կամ Ա.Սոկրյուկովի պատանիների տարիքի համար սահմանված ռեկորդները 50 և 100 մետր ազատ ոճի լողատարածություններում (0.40.0 և 1.32.0)։ Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ աղջիկների ու կանանց շրջանում տարվող աշխատանքը թույլ էր, որի հետևանքով բավականին ցածր էին նրանց տեխնիկական արդյունքները։ 1937 թ. մրցումներ անցկացվում են Սևանում, Լենինականում, Երևանում։ Գնալով ընդլայնվում է հանրապետության առաջնության ծրագիրը, սկսվում են անցկացվել բրաս լողաոճի, ազատ ոճի 200, 800 մետր լողատարածությունները, ինչպես նաև փոխանցալողերը։ Չնայած զգալի վերելքին, մարզական լողը և հատկապես Հայաստանի լողորդների տեխնիկական արդյունքները դեռևս ցածր էին անդրկովկասյան հանրապետությունների լողորդներից, ինչը ցայտուն երևում էր նրանց հետ ունեցած հանդիպումներից։ Թույլ և անպատրաստ էին լողի մարզիչները։ Այդ իսկ կապակցությամբ Ա.Սոկրյուկովը գործուղվում է Մոսկվա՝ լողի հրահանգիչների կուրսերում ուսանելու։ 1939 թվականին Երևանի Կոմերիտմիության անվան զբոսայգու լճում վերակառուցվեց 50 մետրանոց լողավազան, որը հնարավորություն էր տալիս ամառային ամիսներին մարզական լիարժեք աշխատանք կազմակերպել։ Այդ թվականին Հայաստանի ներկայացուցիչ Ա.Սոկրյուկովն առաջին անգամ մեկնում ու մասնակցում է համամիութենական մրցումների՝ Դնեպրոպետրովսկ քաղաքում։ 1940-41 թթ. շահագործման է հանձնվում Երևանի «Դինամո» սպորտընկերության 50 մետրանոց լողավազանը։ Մարզական լողի սեկցիաներ են կազմակերպվում լուսավորության ժողկոմատի և պիոներների պալատի մարզադպրոցներում։ Մինչպատերազմյան այդ տարիներին մարզական լողն զգալի վերելք է ապրում հատկապես պատանիների շրջանում։ Նրանց մարզումները ղեկավարում են Գ.Խուդավերդյանը, Ա.Սոկրյուկովը, ինչպես նաև Մոսկվայից ժամանած Կ.Վասիլևան և Ի. Լոբանովը, որոնք մեթոդական մեծ օգնություն են ցույց տալիս տեղական մարզիկներին ու մարզիչներին։ Հայրենական մեծ պատերազմը զգալիորեն կաշկանդեց մարզական լողի զարգացումը Հայաստանում։ Պատերազմի առաջին տարիներին դադարում են մարզական լողի պարապմունքները։ Բազմաթիվ լավագույն, հեռանկարային լողորդներ մեկնում են հայրենիքը պաշտպանելու։ Հայրենական պատերազմն ակնառու կերպով ցույց տվեց լողի, որպես կյանքի ու ռազմական իրադրությանը շատ անհրաժեշտ հմտության կարևոր նշանակությունը։ Լողի մասնագետներն իրենց ուժերն ու գիտելիքները նվիրում են ռազմակիրառական լողի ուսուցման աշխատանքներին։ Հազարավոր մարտիկներ և զինակոչիկներ նրանց ղեկավարությամբ ջրային արգելքներ են հաղթահարել, որը մեծ օգնություն էր հայրենիքի պաշտպանության գործին։ Չնայած ստեղծված դժվարին դրությանը, Հայրենական պատերազմի ծանր տարիներին՝ 1943-44 թթ. մարզական լողը նորից վերսկսում է իր աշխատանքները։ Իհարկե, որոշ սահմանափակումներով։ Այդ գործին մեծապես նպաստում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական տան ներքնահարկում կառուցված 25 մետրանոց ձմեռային լողավազանը, որը չնայած իր փոքր չափսերին, առաջինն էր ոչ միայն Հայաստանում, այլև Անդրկովկասում։ Հանրապետության այն ժամանակվա սակավաթիվ լողորդներից իրենց անձնական փորձով և օրինակով զգալի օգնություն ցույց տվեցին ժամանակավորապես Երևան ժամանած Խորհրդային Միության հավաքական թիմի մի շարք անդամներ։ 1944-45 թթ. վերսկվում են մարզական լողի մրցումները և Հայաստանի պատանի լողորդները նույնիսկ մեկնում են համամիութենական մրցումների։ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո մարզական լողը Հայաստանում նոր վերելք է ապրում։ Վերսկսվող քաղաքային, հանրապետական մրցումները, համամիութենական մարզական միջոցառումներին մասնակցելը մեծ չափով խթանում են լողորդների մարզական վարպետության բարձրացմանը։ Հետպատերազմյան տարիներին մոտ տասը տարի ավանդական կերպով անցկացվում են Անդրկովկասյան հանրապետությունների սպարտակիադաները, ինչպես նաև Բաքու, Թբիլիսի և Երևան քաղաքների լողորդների մատչային հանդիպումներ։ Այդ միջոցառումները, որոնք կայանում են գրեթե յուրաքանչյուր տարի, նախապատրաստվում և անցնում էին մեծ վերելքով։ Այստեղ փոփոխական կերպով հաջողության էին հասնում երեք հանրապետությունների ու մայրաքաղաքների հավաքական թիմերը։ Երկու անգամ հաղթանակն ուղեկցել է Հայաստանի լողորդներին։ Ինչպես Անդրկովկասյան, այնպես էլ համամիութենական մրցումները, որոնց մշտապես մասնակցում էին մեր լողորդները, շատ բանով նպաստեցին մարզական լողի զարգացմանն ու կատարելագործմանը։ Մարզական կազմակերպություններն իրենց ուշադրությունն են բևեռում մանկական ու պատանեկան լողի աշխատանքների վրա։ Աճում է պատանի լողորդների մի նոր սերունդ, որը 1950-ական թվականներից հետո դուրս է գալիս մարզասպարեզ։ 1951 թվականի ՊԱՊ-ի բազմամարտի ԽՍՀՄ չեմպիոնի կոչում է նվաճում լողորդ Իգոր Նովիկովը, որին երջանկություն էր վիճակված հետագայում դառնալու ժամանակակից հնգամարտի փառաբանված մարզիկ, աշխարհի քառակի չեմպիոն։ Խորհրդային Միության մարաթոնյան լողի (25 կմ լողատարածության) չեմպիոնի կոչմանն է արժանանում Անատոլի Սոկրյուկովը։ Մարզական լողի պատանեկան ռեկորդ է սահմանում Վանիկ Փիլոյանը։ Հայաստանի լողորդների մարզական կյանքում կարևոր իրադարձություններ են դառնում ԽՍՀՄ ժողովուրդների և նրան նախորդող Հայկական ԽՍՀ սպարտակիադաները, որոնց սկիզբը դրվեց 1956 թվականին։ Յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ ավանդական կերպով անցկացվում են Հանրապետական սպարտակիադայի ծրագրով նախատեսված լողի մրցումները, որոնք իրենց հերթին նախապատրաստական փուլ են հանդիսանում ԽՍՀՄ ժողովուրդների հերթական սպարտակիադաներին մասնակցելու համար։ 1956 թվականին բացվում է Երևանի քաղաքային ժողկրթբաժնի ջրային ձևերի մանկական մարզադպրոցը որը հետագայում վերածվում է լողի մարզական-մասնագիտական դպրոցի։ Իր գոյության ընթացքում այստեղ պատրաստվել են հարյուրավոր բարձրակարգ լողորդներ, որոնք բազմիցս հանդես են եկել ինչպես հանրապետական, այնպես էլ համամիութենական մրցումներում։ Դպրոցի սաներից էր Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մրցանակակիր Հռիփսիմե Ջիլավյանը, բազմաթիվ սպորտի վարպետներ, հանրապետության ռեկորդակիրներ և չեմպիոններ։ 1957 թվականին Երևանում շարք է մտնում 25 մետրանոց ձմեռային լողավազանը։ Մի քանի տարի անց շահագործման է հանձնվում Երևանի Հրազդանի համալիրի նույն չափսերի ձմեռային լողավազանը։ Այնուհետև ջեռուցման հարմարանքներով վերակառուցվեց «Դինամո» մարզական ընկերության 50 մետրանոց բացօթյա լողավազանը։ Հետագա տարիներին մեկը մյուսի հետևից կառուցվում են մի շարք ձմեռային լողավազաններ Երևանի մի քանի շրջաններում, Լենինականում։ Ձմեռային և ջեռուցմամբ ապահովված լողավազանների առկայությունը վերջին տարիների ընթացքում նոր լիցք է հաղորդում մարզական լողի աշխատանքներին։ Բացվում են բազմաթիվ մանկական ու պատանեկան խմբեր, դպրոցներ՝ Երևանում, Լենինականում, Կիրովականում, Կապանում, Քաջարանում, մարզական ընկերություններում, որոնցում մարզական լողի իրենց վարպետությունն են բարձրացնում բազմաթիվ երեխաները։ Հասնելով բարձր արդյունքների, երևան են գալիս հանրապետության մարզական լողի առաջին սպորտի վարպետները (Լ.Պրոխորովա, Հասմիկ և Հռիփսիմե Ջիլավյան քույրերը)։ 80-ական թվերին Երևանի պատանի հնգամարտիկների դպրոցը, ստեղծելով մարզական լողի իր մասնաճյուղը, զգալիորեն աջակցում է այս մարզաձևի զարգացմանը՝ պատրաստելով բարձրակարգ լողորդներ։ Արժանի է հիշատակման, որ այդ դպրոցում է աճել ԽՍՀՄ լողի հավաքական թիմի անդամ, սպորտի վարպետ Ալեքսանդր Նովիկովը։ Պատանի հնգամարտիկների մարզադպրոցի բազայի վրա ստեղծվել էր հանրապետական օլիմպիական կենտրոն, որտեղ կենտրոնացվել և մարզվել էին մեր հեռանկարային պատանի լողորդները։ Դպրոցի սան Ա.Կոբիլինը 1984 թ. Եվրոպայի պատանեկան առաջնությունում դառնում է արծաթե մեդալակիր։ Մարզական լայն աշխատանք են կատարում Երևանի շրջանների մարզադպրոցների և պիոներական պալատների լողի բաժանմունքները, որոնցից շատերն ապահովված էին լողավազաններով։ 1978 թ. Լենինական քաղաքում 25 մետրանոց ձմեռային լողավազանի շարք մտնելուց հետո լուրջ աշխատանքներ են տարվել մարզական լողի զարգացման ուղղությամբ։ Մարզական լողի գծով մասնագիտական կադրերի պատրաստումը իրականացնում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, որի հիմնադրումից (1945 թվական) սկսած, գործում է լողի ամբիոնը։ Լողի ամբիոնը հանդիսանում է մարզական լողի հանրապետության գիտահետազոտական ու գիտամեթոդական կենտրոն, որը համալրված է գիտական կոչում և աստիճան ունեցող մասնագետներով։ 1961 թվականից մարզական լողի աշխատանքները Հայաստանում ղեկավարում է Հանրապետական լողի ֆեդերացիան։ 1990-ական թվականներին մարզական լողի և այլ ջրային մարզաձևերի զարգացումը Հայաստանում դադարեց։ Լողավազանների մեծ մասը դադարեցրին իրենց աշխատանքները։ Փակվեցին մանկապատանեկան բոլոր լողի դպրոցները, որոնց թիվը 1980-ական թվերին հասել էր տասի։ 1997 թվականից հանրապետությունում սկսեց լողի զարգացման նոր փուլ։ Վերջին տարիների ընթացքում շահագործման են հանձնվել նոր լողավազաններ Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Ի հայտ են եկել այնպիսի լողորդներ, որոնք հաջողությամբ ելույթ են ունենում գրեթե բոլոր միջազգային կարևոր մրցումներում և վերջին 2 տարիների ընթացքում սահմանել են ՀՀ 25 ռեկորդ։ Սակայն, հանրապետությունում չկան լողի մանկապատանեկան դպրոցներ, ինչը բացասական է ազդում բարձրակարգ մարզիկների պատրաստման և մարզական լողի մասսայականացման վրա։ Հայաստանում մարզական լողի զարգացման և բարձրակարգ մարզիկների պատրաստմա գործում մեծ ներդրում են ունեցել Անատոլի Սոկրյուկովը, Իգոր Նովիկովը, Ալեքսանդր Գրաբովսկին, Կոնստանտին Զարգարյանը, Վանիկ Փիլոյանը, Ջեմս Սարգսյանը, Միսակ Գաբրիելյանը, Սուրեն Սաղաթելյանը և ուրիշները։ Այժմ նրանց գործը հաջողությամբ շարունակում են Արմինե Ավետիսյանը, Արմաս Վահանյանը և ուրիշներ։

Հետաքրքիր փաստ լողի մասին 
Լողը օգտակար է ֆիբրոմիալգիայի դեպքում
Իսպանիայում Extremadura համալսարանի ու պորտուգալական Էվորա համալսարանի հետազոտողնների խումբը 8 ամիսների ընթացքում հետեւել է 33 կանանց, որոնք տառապում են ֆիբրոմիալգիայով՝ հազվագյուտ հիվանդություն, որը բնութագրվում է խրոնիկ դիֆուզային սիմետրիկ մկանա-կմախքային ցավերով: Նախագծի այն մասնակիցների մոտ, որոնք շաբաթական 3 անգամ՝ առնվազն մեկական ժամ մարզվում էին լողավազանում, փորձի ընթացքում հոդացավն ու մկանացավը նվազել է՝ ի տարբերություն նրանց, ովքեր լողավազան չէին հաճախում:
Լողը դրական է ազդում լիբիդոյի վրա
Սառը ջրում լողալը լավացնում է արյան շրջանառությունն ու սեռական հորմոնների ատադրությունը: Օրական ընդամենը 30 րոպեն բավական է թե տղամարդկանց, թե կանանց մոտ լիբիդոն բարձրացնելու համար:
Երեխաների արյան մեջ լողի շնորհիվ գրեթե 20 անգամ ավելանում է աճի սոմատոտրոպին հորմոնը: Հեմոգլոբինի մակարդակը լողի շնորհիվ նույնպես բարձրանում է՝ թե երեխաների, թե մեծահասակների մոտ:
Լողը հրաշալի մարզանք է
Լողի ժամանակ աշխատում ու զարգանում են մարմնի գրեթե բոլոր մկանները, ու քանի որ մարդու մարմնի զանգվածը 10 անգամ նվազում է, լողը թույլ է տալիս մարզել մկանները, միաժամանակ չլարելով հոդերը: Հենց այդ պատճառով էլ լողով կարող են զբաղվել նույնիսկ նրանք, ում մյուս մարզաձեւերը հակացուցված են, այդ թվում հղի կանայք ( եթե նրանք բարդացումներ կամ հակացուցումներ չունեն)
Լողի ժամանակ, կարելի է այրել ժամում մոտ 200-300 կկալ, այնպես որ ցանկության ու ճիշտ սնվելու դեպքում լողը կարող է օգնել ոչ միայն մկանները համաչափ զարգացնելուն, այլեւ նիհարելուն:
Նույնիսկ փոքր երեխաները կարող են սովորել լողալ
Ծնվելուց 3 շաբաթ հետո նորածնին կարելի է սովորեցնել լողալ՝ նա շատ արագ կսովորի: Սակայն երեք ամիս հետո ջրի վրա ինքդ քեզ պահելու բնածին ունակությունը կորում է:
Ի դեպ հետաքրքիր է, որ լողը, որոշ գիտնականների կարծիքով դրական է ազդում երեխաների մտավոր ունակությունների վրա: Ավստրալիացի գիտնականները հետաքրքիր հետազոտության ընթացքում ստուգել են 3-5 տարեկան 180 երեխաների խելամտությունն ու պարզել, որ այն երեխանները, որոնք շուտ են սկսել զբաղվել լողով, շատ ավելի խելացի են, քան նրանց այն հասակակիցները, որոնք վախենում են ջրից:



Լող, մարզաձև, որն ունի 4 տարատեսակ՝ կրոլբրասբատերֆլյայ և թիկնալող
Պաշտոնական առաջնություններում տղամարդիկ մրցում են ազատ ոճի լողի 50,100, 200, 400, 1500 մետրմրցատարածություններում, բրասիբատերֆլայի և թիկնալողի 100 և 200 մ մրցատարածություններում, 200 և 400 մ համալիր լողի մրցատարածությունում, ազատ ոճի 4x100 մ և 4x200 մ, ինչպես նաև 4x100 մ համալիր փոխանցալողերում։ Կանայք մրցում են նույն ծրագրով միայն 1500 մ ազատ ոճի լողի փոխարեն մեկնարկում են նույն ոճի 800 մ լողատարածությունում:
Ես միշտ մրցումների ժամանակ լողում եմ կրոլ նա ամենարագ լողաոճն է:
Լողը համարվում է կենսական անհրաժեշտ հմտություն, ինչպես նաև զանգվածային տարածում ունեցող միջոց բազմակողմանի ֆիզիկական դաստիրարակության, կոփման, առողջության ամրապնդման, ինչպես նաև ակտիվ հանգիստ կազմակերպելու համար:
Լողի առողջարարական ամենից բնորոշ հատկությունն այն է, որ լողորդը մշտապես օգտվում է բնական առողջարար գործոններից՝ թթվածնով հագեցած օդից, ջրից և արևից:
Ջրում կատարվող շարժումները մեծ պահանջ են ներկայացնում սիրտ-անոթային համակարգին: Սակայն լողալիս սրտի աշխատանքի համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ ջրի գործադրած ճնշումը հեշտացնում է արյան շրջանառությունը: Լողով մարզվող մարդկանց մոտ մեկ րոպեում սրտի կատարած կծկումներն ավելի քիչ են քան չմարզվողների մոտ, ուստի այդ քիչ կծկումներով դեպի աորտա, այնուհետև բոլոր օրգան համակարգեր է մղում նույնքան արյուն, որքան չմարզվածների կրկնակի անգամ կծկումները:
Լողը բարենպաստ է ազդում նաև շնչառական համակարգի վրա: Որպեսի լողը ստացվի պետք է կարողանալ ճիշտ շնչել: Լողալու ժամանակ մարզվում է նաև ճնչառությանը նպաստող բոլոր մկանախմբերը: Պետք է նաև նշել, որ լողով զբաղվող մարդը շնչում է ջրի մակերեսի հետ անմիջապես շփվող օդը, որն առավել հագեցած է թթվածնով, ուստի ճնչառելով զտված թթվածնով օդը լողորդն անհամեմատ արագորեն կարող է վերականգնել վատնած էներգիան: Մեծանում է թոքերի կենսական տարողությունը: Օրինակ՝ սպորտով չզբաղվող տղամարդկանց թոքերի կենսական տարողությունը միջին հաշվով 3,5-4 լիտր է, իսկ լողորդների մոտ այն հասնում է մինչև 7-8 լիտրի: այսինքն երկու անգամ ավելի:
Առանձնահատուկ է լողի ազդեցություն մարդու մաշկի վրա: Այստեղ պետք է նկատի ունենալ ոչ միայն ջրի հիգիենիկ նշանակությունը, այլ այն, որ մշտապես շփվելով ջրի հետ մաշկը դառնում է առավել առաձգական, նուրբ և միևնույն ժամանակ ամուր և դիմացկուն:
Լողը միակ մարզաձևն է, որի ժամանակ աշխատում են գրեթե բոլոր մկանախմբերը: Այդ իսկ պատճառով լողով զբաղվող մարդիկ ունենում են համաչափ կազմվածք: Անհրաժեշտություն չի առաջանում առանձին-առանձին մարզել ձեռքերը, ոտքերը, որովայնի մկանները, մեջքը և կրծքամկանները:
Լողային շարժումների օգտակարությունը հնարավորություն է տալիս այս մարզաձևը ներառել բուժական և հետ բուժական ֆիզիկական մեթոդների շարքում: Լողը որպես բուժական ֆիզիկական վարժություն հաջողությամբ կիրառվում է սիրտ-անոթային և շնչառական համակարգերի, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի, հետվիրաբուժական, կեցվածքային շեղումների հետ կապված հիվանդությունների դեպքում:
Լողը հիանալի միջոց է ավելորդ քաշից ազատվելու համար: Քանզի լողալու ժամանակ մարդ ծախսում այնքան էներգիա որ այն սննդի միջոցով կարող է ընդունել 2 օրվա ընթացքում: Դրան նպաստում է ջրային միջավայրը, իր ստեղծած ջրային դիմադրության շնորհիվ: Օրինակ՝ 100 մետր լողալու ժամանակ լողորդը ծախսում է նույնքան էներգիա որքան 1000 մետր վազքի դեպքում:
Լողը հիանալի միջոց է սթրեսային վիճակներից դուրս գալու համար: Ջուրը ամբողջովին «մաքրում» է բացասական էներգիան՝ տալով թարմություն և առույգություն:
Որպես ժամանցի կազմակերպման ձև, լողn ունի բոլոր հնարավորությունները:
Լողը` որպես ամենատարածված և զարգացող մարզաձև ընդգրկված է Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ և խաղարկվում է 32 կոմպլեկտ մեդալ, որը թվով զիջում է միայն աթլետիկային:

Комментариев нет:

Отправить комментарий